«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դատախազություն․ Ահաբեկչության վարկածը ամբողջությամբ հերքվել է

Դատախազություն․ Ահաբեկչության վարկածը ամբողջությամբ հերքվել է
26.04.2016 | 21:49

Երևանի Հալաբյան փողոցում թիվ 63 համարի ավտոբուսի պայթյունից շուրջ 18 ժամ անց Հայաստանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ օպերատիվ միջոցառումների և քննչական ակտիվ գործողությունների արդյունքում ամբողջությամբ հերքվել է տեղական և միջազգային մամուլում շրջանառվող ահաբեկչության վարկածը` ասված է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում: Դրանից առաջ իրավապահները հայտնել էին, որ վարկածների շրջանակը նեղանում է, ահաբեկչության վերաբերյալ տվյալներ չկան։
Քննչական կոմիտեն հայտնեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել է բջջային քարտ, որի բաժանորդը Հայաստանի քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված: Նրա տանը հայտնաբերվել է «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։ «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր իրավապահները հայտնաբերել են նաև ավտոբուսի վրա: Պարզվել է նաև, որ քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականներից և նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել: Առայժմ չի հստակեցվում՝ նա՞ է երեկվա պայթյունի հետևանքով զոհված երկու անձանցից մեկը: Միջոցներ են ձեռնարկվում հեռախոսային քարտի բաժանորդի և երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ։ Դիակն անճանաչելի է, նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն։ Ապրիլի 25-ին ուշ երեկոյան պայթեցված ավտոբուսում եղել է 10 մարդ՝ վարորդը և 9 ուղևոր, որոնցից 2-ը տեղում մահացել են: Պարզված է միայն մեկ զոհի ինքնությունը, նա և ութ վիրավորները Հայաստանի քաղաքացիներ են: Իրավապահները նրանց բոլորի բնակարաններում ևս խուզարկություններ են արել, քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ չեն հայտնաբերվել, նրանց հնարավոր առնչությունը պայթյունի հետ հերքվել է։ Առաջին տեղեկությունները ուշ գիշերին տեղում հայտնեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա բացառեց գազի բալոնի պայթյունի վարկածը, քանի որ «Bogdan» ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով: Պայթյունը, ոստիկանապետի փոխանցմամբ, տեղի է ունեցել ավտոբուսի առաջնամասում՝ երկրորդ շարքում նստած տղամարդու մոտ: «Այրում չի եղել, հետևաբար պայթյուն է, որը կապված չէ գազի և վառելանյութի հետ: Այսպես են ասում՝ ֆուգասային, այսինքն՝ ոչ բեկորային, ալիքավոր»,- նշեց Գասպարյանը:
Կեսօրին ավտոբուսը քարշակով դուրս բերվեց Հալաբյան փողոցից, տարածքը ջրցան մեքենաներով մաքրվեց, վերականգնվեց երթևեկությունը: Հարևան շենքի տներում արդեն վերականգնում էին պայթյունի հետևանքով կոտրված ապակիները։

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ